«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Էներգիա է կուտակվում՝ դժգոհության էներգիա

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Էներգիա է կուտակվում՝ դժգոհության էներգիա
19.03.2014 | 13:07

Բոլոր պետությունները, բնականաբար, հատկապես հետխորհրդային, պետք է անպայմանորեն ուկրաինական դեպքերից, բողոքի ցույցերից, իշխանափոխությունից դասեր քաղեն: Եթե դասեր չքաղեն, ապա ժողովուրդը մի օր ստիպված կիջնի քոչվորների մակարդակին ու վրաններ կխփի հրապարակներում, կսկսվեն ամբոխավարությունը, ծեծն ու ջարդը, բարիկադներն ու թշնամանքը:
Իսկ դասեր առնել, հետևություններ անել, անշուշտ, պետք է: Դասեր չառնելու դեպքում հետևանքները խիստ անկանխատեսելի են կամ շատ որոշակի: «Էկզոտիկ», ծիծաղաշարժ, հողից, իրական կյանքից կտրված, երկնքում սավառնողի, իրավիճակն իրենց ծառայողական մեքենայի, աշխատասենյակի պատուհանից գնահատողների հարցազրույցներին պետք է վերջ տալ: Եկել է իրոք լրջանալու ու գործելու ժամանակը, այլապես շատ ուշ կլինի: Ժամանակն է, ի վերջո, լրջորեն պայքարել կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման, գռփող, թալանող, լկտիացած պաշտոնյաների դեմ: Ի վերջո, ժողովրդի ու պետության մասին է պետք մտածել:
Կուտակային ֆոնդ կուտակվեց, թե ոչ` չգիտեմ: Բայց ինչ-որ էներգիա է կուտակվում` դժգոհության էներգիա, որի մի փոքր ճայթյունի դեպքում շանթ ու կայծակ կլինի…
«Շանթարգել» է պետք: Արմատական, լուրջ, խելացի, հիմնավոր ծրագրեր, տեղաշարժեր:
Ծանր հիվանդին շտապ վիրահատելը անհրաժեշտ է, սակայն, եթե այդ խիստ ծայրահեղ իրավիճակը չի ստեղծվել, ապա պետք է սպասել, որպեսզի վիրահատվողը հոգեբանորեն պատրաստվի այդ միջամտությանը, զգա դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը: Հավատացեք, բուժումն ավելի արդյունավետ կլինի:
Եկեք երկուստեք մտածված, ճիշտ քայլեր անենք, չիջնենք ամբոխավարության մակարդակին, տարբերվենք մեր դարավոր հարևաններից և Արևմուտքի կամ որևէ այլ երկրի համար լաբորատոր ուսումնասիրության կենդանու կարգավիճակից դուրս գանք:
Կադրային լուրջ տեղաշարժեր են պետք, ազնիվ, թեկուզ՝ համեմատական: Պարկեշտ մարդիկ են պետք, անձնական շահը պետականից վեր չդասող: Մականունավորներից է պետք աստիճանաբար ձերբազատվել: Մեզ կիրթ, զարգացած, գրագետ, կասկածելի անցյալ չունեցող, ժամանակակից, պետական մտածողությամբ պաշտոնյաներ, գործարարներ են պետք: Հայրենիքը, պետությունը, ժողովրդին իրապես սիրող, ոչ ցուցադրվելու, գովազդվելու, նկարահանվելու համար կեցվածք ընդունած կեղծ բարեգործներ:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ